Ծիրանավոր եկեղեցին

Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Այն կառուցվել է 5-6 դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է առանց ծածկի և հարավային պատի։

Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։