Զատկական ավանդազրույցներ

Զատկի լոբին

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և  հագուստի գրպանը դնում:
Մեծ պասի առաջին իսկ օրվանից նա ամեն օր մի լոբի էր հանում , դեն գցում և գրպանի մնացած լոբիներով իմանում, թե Զատկին քանի օր է մնացել: Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Վախենալով, որ տերտերը, ուր որ է, կգա, մի բուռ լոբի է բերում ու լցնում փարաջայի գրպանը: Այս դեպքից հետո տերտերը լրիվ կորցնում է գլուխը և ծխականների հարցմունքին , թե  Զատկիկը քանի օրից է գալու, ախ քաշելով պատասխանում է. <<Ախր ինչ ասեմ, թե գրպանիս լոբուն մտիկ տամ, էս տարի Զատիկը ըսկի էլ չի գալու>>:

Իրիցկին-քահանայի կինը

Հացը գետնին գցելը մեղք է

Մի արդար ու հավատավոր մարդ, հաց ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում, ձեռքից մի փշուր հաց է ընկնում և կորչում խոտերի մեջ: Փնտրում է նա հացի կտորը, փնտրում և այդպես էլ չի գտնում:
Շատ է վշտանում խեղճ մարդը, որ մեղք է գործել, և ուրիշ ճար ճգտնելով` հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում և կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած` նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը, վրան Աստծու տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:
Ու էս բոլորը նրա համար, որ հացը գետին ընկնելու մեղքը քավի:

Հացի փշուրն ու հրեշտակը

Ասում են, թե հենց հացի փշուր է գետնին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Գետնին ընկած հացի բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնում և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակների օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն և մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:

Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին: Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

Պղծել-կեղտոտել, փչացնել

Աղբյուրը՝ qahana.am

Առաջադրանքներ

Ուշադի՛ր կարդա՛ ավանդազրույցները և գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

շվարել-մոլորվել, շփոթվել

հարցմունք-հարցում

արդար-անխարդախ

հավատավոր-հավատացյալ

փնտրել-որոնել

վշտանալ-տխրել

ճար-հնար

վաստակել-ձեռք բերել

շտապել-աճապարել

գործածություն-կիրառություն

առատություն-լիություն

 

Բացատրի՛ր արտահայտությունները

ճանապարհ գնալ-ճանապարհորդել

աշխատանքի անցնել-աշխատանքի ընդունվել

քրտինք թափել-աշխատել

մեղքը քավել-զղջալ

մտիկ տալ-նայել

գլուխը կորցնել-շփոթվել

Ի՞նչ է խորհրդանշում զատկական սեղանի հացը։ Տեքստից գտի՛ր հացի երեք խորհուրդները ներկայացնող հատվածը։

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:

Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին:

Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով